5000 անուն, 5000 հոգի,
Հրեշտակ դարձած 5000 որդի։
Չբացված գարուն, չծաղկած ծաղիկ,
Պաղ, մարած օջախ, փուլ եկած տանիք:
Մեր խզված ձայնով ձեզ ասենք օրոր,
Որ հանգիստ ննջեք։
Չբացվեց նոր օր:
Չերգեց սոխակ, չծագեց արև:
Բողբոջած ծառին չբացվեց տերև:
Ընդհատված սպասում, կարկամած թախիծ,
Ժպիտներ միայն լուսանկարից:
Մի խոնավ ծաղիկ, մի վերջին համբույր,
Մի կապույտ երկինք, մի ծխի պարույր:
Արցունքոտ աղոթք, կիսախեղդ մի երգ,
Շշուկով խնդրանք. մեզ ներեք, տղերք:
Մի օղորմաթաս՝ արյունից էլ թունդ,
Փշրված մի սիրտ, մի կորած սերունդ:
Դեռ պիտի հառնի ջահը մեր մարած,
Մեր հոգու խորքում վրեժ ունենք պահած:
Դեռ կգա գարուն, կբացվի նոր օր;
Ձեր հոգիներին դեռ կիջնի անդորր:
01.03.2021
@ Գոհար Մարտիրոսյան (Նանա Ռոսս)
